Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ճակատագիրն ո՞ւմ կտա նախապատվությունը

Ճակատագիրն ո՞ւմ կտա  նախապատվությունը
30.04.2013 | 11:59

Այսօրն ու վաղը վերջնականապես պատասխան կտան, թե որոնք են լինելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած երկու թիմերը, թեպետ կարծես թե անցած շաբաթն արդեն իսկ տվել է հարցի սպառիչ պատասխանը: Ախր, մի կողմից` չափազանց տպավորիչ են իսպանական թիմերի խոշոր հաշվով կրած պարտությունները, սակայն, մյուս կողմից էլ, մարդս չի կարող ապրել առանց հրաշքի ակնկալիքի: Հասկանալի է, որ իրենց հզոր կազմակերպված խաղով ու հաղթելու անկոտրում կամքով մեր օրերի «Բավարիան» միանշանակ «Բավարիա» է, Դորտմունդի «Բորուսիան» էլ` «Բորուսիա», բայց դե, ուղտն ինչքան էլ ընկած լինի, կաշին, ժողովրդական իմաստության հավաստմամբ, մի իշաբեռ կլինի: Կարծում ենք` լրացուցիչ բացատրության կարիք չկա, որ «ուղտ» պայմանական անվան տակ նկատի ունենք «Բարսելոնն» ու «Ռեալը»:


ՇԱԲԱԹՎԱ ՄԵՋ ԱՐՁԱԳԱՆՔՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹԸ
Այսօրվա ու վաղվա խաղերին ընդառաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը կազմած քառյակը ներքին առաջնություններում հերթական հանդիպումներն ունեցավ: Չեմպիոնության հարցը վաղօրոք լուծած «Բավարիայի» մրցակիցը «Ֆրայբուրգն» էր, արծաթե մեդալները գրպանում համարյա թե ունեցող «Բորուսիայի» հակառակորդը` «Ֆորտունան»: Ասել է թե` Եվրոպայի (բայց ինչո՞ւ միայն Եվրոպայի) ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատասխան խաղերից առաջ գերմանական ակումբները տնային դիմակայություններում առանձնապես լարվելու ոչ խնդիր ունեին, ոչ հոգս:
Սկզբունքորեն կարելի էր համանման վիճակ տեսնել նաև կատալոնյան ակումբի պարագայում` այս անգամ իսպանական առաջնությունից, եթե մրցակիցը չլիներ Բիլբաոյի «Աթլետիկը», սակայն այստեղ, մարզականից զատ, ուրիշ գործոններ էլ կան, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ անտեսել հնարավոր չէ (ինչ ուզում ես ասա` քաղաքականությունն անպոչ գդալով Թուլատի պես ամենուրեք է):
Այս քառյակից ամենաբարդը, հարկավ, Մադրիդի «Ռեալինն» էր`«Աթլետիկոյի» հետ դերբիով: Մոուրինյոն իր համար պիտի վերջնականապես հստակեցներ` ներքին առաջնությունում չեմպիոնական հույսերը կորցնելուց հետո (դժվար է այլ ելքի հավատալ) կա՛մ շարունակում է թիրախ ունենալ Չեմպիոնների լիգայի գավաթը, որտեղ մրցաշրջանի գլխավոր խաղադրույքն է արել, կա՛մ կենտրոնանում է ներքին առաջնության փոխչեմպիոնության վրա, որի առնչությամբ նույնպես առանձնակի հստակություն չկա, քանզի պարտվելու դեպքում «Աթլետիկոյին» հնարավորություն էր տալու միավորներով հավասարվել` այստեղից ածանցվող հետևանքներով, կա՛մ էլ շարունակում է երկուսում էլ հավասարապես ճակատ տալ:
Պահանջված այս նախաբանից անցնենք տեղի ունեցածին:
Ինչպես և սպասվում էր, «Ֆրայբուրգի» հետ խաղում մյունխենցիներն իրենց թեթև պիկնիկն արեցին ու սա մի թիմի հետ, որը պայքարում է Եվրալիգայի խմբային փուլ դուրս գալու համար: Գոլային անհագ ծարավով առանձնացող «Բավարիայի» համար խաղի 1:0 հաշիվը գուցե թե փոքր-ինչ անսովոր է, սակայն եկեք չմոռանանք, որ թիմը հանդիպմանը մասնակցել է բացառապես երկրորդ կազմով: Հաղթական ավարտեց հանդիպումը և «Բորուսիան»` երկու գնդակ ուղարկելով «Ֆորտունայի» դարպասն ու սեփականն ընդունելով մեկը: Ինչ վերաբերում է իսպանական գերակումբներին, «Բարսելոնն» արտագնա խաղում 2:2 խաղաց «Աթլետիկի» հետ: Ինչպես և առաջնության վերջին խաղում, այս անգամ էլ Մեսին չկար մեկնարկային կազմում, այս անգամ էլ, առանց արգենտինացու, «Բարսելոնը» նորից տպավորություն չթողեց, այս անգամ էլ, վիճակ շտկելու համար, նորից հարկադրված եղան նրա ծառայություններից օգտվել: Բան չունեմ ասելու` Լեոյով կատալոնյան ակումբի խաղը կենդանացավ, նրա շնորհիվ հավասարեցվեց հաշիվը, այնուհետ, արգենտինացու փոխանցմամբ, թիմը ժամանակավորապես առաջ էլ անցավ, սակայն, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ խնդիրը կատալոնցիների շաբաթ օրվա խաղը չէր, այլ այդ հանդիպման միջից գծագրվող չորեքշաբթի օրվա հանդիպումը «Բավարիայի» հետ: Չէ, բարեկամներս, ինչպես երևում է, այս անգամ «Բարսին» վիճակված չէ «ՈՒեմբլին» տեսնել:
«Աթլետիկոյի» հետ խաղում «Ռեալը» դաշտ էր հանել երկրի առաջնությունից մեզ քաջածանոթ իր «միլիոնանոց» տղաների կազմը: Միակ բացառությունն արվել էր Ռոնալդուին: Սրանով Մոուրինյոն, փաստորեն, հստակ մեսիջ էր ուղարկել Կլոպին, որ դիմակայությունում վերջակետը դեռ չի դրված: Ինչ վերաբերում է դերբիին, այն շարունակեց «Աթլետիկոյի» համար նախկինների պես անհաջող մնալ: Խաղասկզբում գոլ բաց թողնելուց հետո «Ռեալն» արագ հավաքվեց ու ի վերջո կարողացավ հանդիպումը հաղթական ավարտել` միաժամանակ հաստատելով, որ աղյուսակի երկրորդ հորիզոնականը պատրաստ չէ զիջելու այլ թիմի: «Աթլետիկոն» ինչպես կար, մնաց երրորդ հորիզոնականում:
Ավարտելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ զույգերի ներքին առաջնություններում ունեցած խաղերը ներկայացնելը` այնուամենայնիվ պահենք եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնությունների առաջին եռյակը կազմող ակումբների հանդիպումները ներկայացնելը: Հանգամանքների բերումով գերմանական ու իտալական առաջնություններից փաստորեն անդրադարձ չենք կատարել միայն բունդեսլիգայի երրորդ տեղում գտնվող թիմին: Մարենք այդ պարտքը, ասելով, որ «Բայերը» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Վերդերին», ու անցնենք առաջ:

ՈՐՈՇԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ Է ՄՆԱՑԵԼ
Իտալիայի առաջնության 34-րդ տուրի թուրինյան դերբիում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթեց «Թուրինին» ու, չեմպիոն հռչակվելու համար, նրան անհրաժեշտ է մնացած չորս խաղում վաստակել ընդամենը մեկ միավոր: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլին» նույնպես արտագնա խաղում հաղթանակ տոնեց (3:0 հաշվով գերազանցել է «Պեսկարային») ու գործնականում լուծեց արծաթե մեդալի հարցը: Փաստորեն, իտալական առաջնությունում բաց է մնացել լոկ երրորդ տեղի հարցը: Այստեղ ծանր մարտեր են մղում «Միլանն» ու նրան ընդամենը մեկ միավորով զիջող «Ֆիորենտինան»: Տուրում երկուսն էլ հաղթական են ավարտել իրենց հանդիպումները: Հյուրընկալելիս «Միլանը» գերազանցել է «Կատանիային» (4:2), «Ֆիորենտինան» պարտության է մատնել «Սամպդորիային» (3:0):
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Էվիանին»: Նույնպիսի հաշվով «Լորիանը» պարտվել է «Մարսելին»: Ինչ վերաբերում է երրորդ-չորրորդ տեղերում ընթացող «Լիոնին» ու «Սենտ Էտիենին», նրանց խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1: «Լիոնը» պահպանել է հիմնական մրցակցի նկատմամբ ունեցած երկու միավորի առավելությունը:
Անգլիայի առաջնությունում «Վեստ Հեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը «Մանչեստր Սիթիին» գործնականում ապահովեց փոխչեմպիոնությունը: Եթե հիշենք, որ դեռևս նախորդ տուրում «Աստոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակով մանչեստրյան մյուս թիմը` «Յունայթեդը», չեմպիոնական մրցավազքում արդեն իսկ դարձել էր անհասանելի, ապա պիտի փաստենք, որ այս երկրի առաջնությունում անհայտ է մնացել միայն բրոնզե մեդալի տիրակալի հարցը: Այդ հարցում որոշակիորեն հստակություն կարող էր մտցնել «Արսենալ»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումը: Պոչին «Չելսի» նստած ունեցող «Արսենալին» օդ ու ջրի պես էր անհրաժեշտ հաղթանակը, սակայն առավելագույնը, որ հաջողվեց Վենգերի թիմին, ոչ-ոքի` 1:1 խաղալն էր: Մինչդեռ առիթն իր ձեռքից բաց չթողեց Աբրամովիչի թիմը` սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Սուոնսի Սիթիի» նկատմամբ ու տեղափոխվելով երրորդ հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ